ԵՄ-ն երբեք չի համաձայնի Ղրիմի Ռուսաստանին միակցմանը։ ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք չենք կարող շարունակել աշխատանքը՝ ձեւացնելով, թե ոչինչ չի եղել»,- նրա խոսքերն է մեջբերել Deutsche Welle-ն։

Քաղաքական գործիչը նշել է, որ Ղրիմի հարցում հարկավոր է համբերություն դրսեւորել։ Մերկելը հիշեցրել է, որ Բալթիայի երկրներից եւ Գերմանիայից անցյալում երկար ժամանակ է պահանջվել՝ համապատասխանաբար անկախություն ձեռք բերելու եւ միավորվելու համար։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը մեղադրանք է հնչեցրել, որ միակցելով Ղրիմը, Ռուսաստանը ոտնահարել է եվրոպական քաղաքականության՝ 1945թ. ի վեր քրտնաջանորեն կառուցված հիմքերը, տեղեկացնում է Gazeta.ru-ն։

«Եվրոպական հետպատերազմյան քաղաքականության հիմքում յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է, եւ հենց այդ հիմքն է, որ ոչ միայն կասկածի տակ է առնվել, այլ ուղղակի՝ արհամարհվել»,- ընդգծել է Մերկելը։

Հիշեցնենք՝ մարտի 16-ին Ղրիմում ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե էր կազմակերպվել, որի ընթացքում ընտրողների ավելի քան 96 տոկոսը թերակղզու՝ Ռուսաստանին միավորման օգտին էին արտահայտվել։ Ռուսաստանը եւ Ղրիմը մարտի 18-ին հանրապետության եւ Սեւաստապոլի՝ Ռուսաստանի Դաշնության մաս կազմելու մասին պայմանագիր էին ստորագրել։