Հայաստանում տաքիստներին ցանկանում են ազատել բուժզննումից եւ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից: Համապատասխան փոփոխությունները ներառված են «Տրանսպորտի մասին» օրենքի լրացումներում, որոնք ՀՀ կառավարությունը խորհրդարանին կներկայացնի մայիսի 12-ին կայանալիք արտահերթ նստաշրջանում:
Օրինագծի համաձայն՝ տաքսին ազատվում է սերտիֆիկատ ունենալու պահանջից, իսկ վարորդը՝ բուժզննում անցնելու պարտավորությունից: Պարտադիր գրանցումից ազատումը տարածվում է անհատ տաքսիստների վրա:
Նշենք, որ բուժզննում անցնելու դրույթը վերացնելու առաջարկությունը ոչ միանշանակ է ընդունվել սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների շրջանում: Մի կողմից, ոլորտի գործունեության պարզեցումը ողջունելի է, մյուս կողմից՝ տաքսիստները մտավախություն ունեն աճող մրցակցության տեսանկյունից այն պայմաններում, երբ Հայաստանից արտագաղթը շարունակվում է եւ բնակչությունը՝ պակասում:




























