Հոնդուրասի իշխանությունները նարկոբարոն Կառլոս Առնոլդո Լոբոյին, ով «Սեւ գայլ» անունով է առավել հայտնի, ԱՄՆ դատախազությանն են արտահանձնել: Սա երկրների երկկողմանի հարաբերությունների շրջանակում կասկածյալի արտահանձնման առաջին դեպքն է:

Լոբոն ընթացիկ տարվա մարտ ամսին էր ձերբակալվել` Մեքսիկայում եւ Գվատեմալայում կոկաինի վաճառք կազմակերպելու եւ փողերի լվացում իրականացնելու կասկածանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ապրիլ ամսին Տեգուսիգալպայի Բարձրագույն դատարանը հավանություն էր տվել արտահանձնմանը:

Հոնդուրասը բնակչության մեկ շնչին հասնող սպանությունների թվով առաջին տեղում է աշխարհում: Զոհերի մեծ մասի պատճառը խմբավորումների միջեւ ընդհարումներն են: