Հայաստանում Ուկրաինայի դեսպանության առջև այսօր՝ մայիսի 10-ին, հարգանքի տուրք մատուցեցին 2014թ. մայիսի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ մահացած 46 քաղաքացիների հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
Ուկրաինայի դեսպանատան դիմաց, «Ոչ ֆաշիզմին», «Սումգայիթ 1988, Ադրբեջանական ֆաշիզմ, Օդեսա 2014, Ուկրաինական ֆաշիզմ» գրությամբ պաստառներով հավաքված մոտ երկու տասնյակ քաղաքացիները մոմեր վառեցին, մեխակ ու յասաման դրեցին դեսպանատան մուտքի առջեւ:
«Մայիսը մեզ համար մեր հաղթնակների ամիսն է, եւ սրան չարձագանքել չենք կարող: Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր վերածննունդ է ապրում հետխորհրդային բոլոր երկրներում: Ֆաշիզմը զենք է, որով իրականցվում են հեղաշրջումներ, պատերազմներ: Մարդուն չի կարելի վառել նրա համար, որ նրա կարծիքը չի համապատասխանում չակերտյալ դեմոկրատական ստանդարտներին, որը ռումբերով են բերում աշխարհ: Այնտեղ վառել են մարդկանց եւ թույլ չեն տվել, որպեսզի նրանց օգնություն ցույց տան»,- ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, ըստ որի, Օդեսայի դեպքերը կրկնում են Սումգայիթի ջարդերը:
Արման Բոշյանի կարծիքով՝ Եվրամայդանում մահացած հայերին այսօր հիշում եւ հարգում են, իսկ Օդեսայում մահացած հայերին՝ ծաղրում: «Կան մարդիկ, ովքեր այդ զոհերին սարքել են հումորի թեմա: Առաջին հայը, որ զոհվեց Եվրամայդանում, Սերգեյ Նիկոյանն է: Շատ խոսվեց այդ հայի մասին, ով իր գաղափարների համար զոհվեց: Լավ թե վատ գաղափար, այլ հարց է: Բայց երբ զոհվեց Ռուբեն Հովհաննիսյանը, ինչո՞ւ ոչ մեկ չէր հիշում իր մասին, մի՞թե նրա համար, որ նա հակառակ կողմից է»,- նշեց Արման Բոշյանը, որը նախաձեռնել էր մոմավառությունը:
NEWS.am- լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են մարդկանց բաժանվել Գեորգիևյան ժապավեններ, նա ասաց, որ դա միայն հակաֆաշիստական խորհրդանիշ է: Արման Բոշյանն ընդգծեց, որ ինքը ոչ թե ռուսամետ է, այլ հայամետ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











