Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չի կարողացել անցկացնել այս տարվա գլխավոր միջոցառումներից մեկը՝ Պատվավոր խաչի Բաղնիքի ասպետների նիստը: Ըստ ավանդույթի՝ ութ տարին մեկ անգամ Բրիտանիայի միապետը, որը Ասպետների օրդենի ղեկավարն է, ներկա է գտնվում այդպիսի հանդիպումների, որոնք անց են կացվում Վեսթմինսթերյան աբբայության Հենրիխ VII-ի եկեղեցում:
Միջոցառումը սկսվելուց կես ժամ առաջ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ 88-ամյա թագուհին չի կարող գալ, քանի որ հոգնած է: Արդյունքում նիստը ղեկավարել է թագուհու ավագ որդին՝ արքայազն Չարլզը: Նա Բաղնիքի ասպետների օրդենի երկրորդ դեմքն է եւ ունի գլխավոր մագիստրոսի կոչում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եկեղեցու աստիճանները շատ բարձր են, եւ Ձերդ մեծության համար շատ դժվար կլինի բարձրանալ դրանք՝ ասպետների օրդենի հանդերձներով: Արդյունքում որոշվել է, որ միջոցառումն անցկացնելու է Գլխավոր մագիստրոսը», - թագուհու բացակայության պատճառն է պարզաբանել Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:
Բաղնիքի օրդենի կանոնադրությունը նախատեսում է հագնել երկար եւ ծանր ալ կարմիր սքեմ:




























