Ամերիկայի Միացյալ Նահանգները ԼՂ խնդրի կարգավորման հարցում միանշանակ ակտիվացման փուլ են մտել: Դա կարող է գեոքաղաքական նշանակություն ունենալ` Ղրիմի խնդրով պայմանավորված, հարկավոր է ԼՂ հարցին լուծում գտնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով, ամերիկյան կողմը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անձամբ է դա հաստատել: «Թե ինչ է դա նշանակում` իրենց գործն է, սակայն վերջին ամիսներին ամերիկացիների ակտիվացումը խիստ ակնհայտ էր»,- նկատել է Մանվել Սարգսյանը:
Անդրդադառնելով Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քննադատողներին հասցեագրված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ուղերձին, քաղաքագետը հետեւյալ տեսակետն է հայտնել. «Ամերիկյան կողմը, փաստորեն, ԼՂ հարցի կարգավորման երեք համարժեք հնարավոր տարբերակներով է հանդես եկել (բանակցություններ, շարունակական եւ անընդունելի ստատուս-քվո կամ պատերազմ – խմբ.): Կարող էին մի փոքր այլ ձեւակերպումներ տալ, օրինակ` փոխզիջում կամ պատերազմ, բայց նախընտրել են ավելի «լայն» հնարավորություններ մատնանշել»:
Մանվել Սարգսյանի համոզմամբ, հակամարտության կողմերն իրենք պետք է որոշեն` արդյոք այդպիսին են տեսնում խնդրի լուծման տարբերակները:
Հիշեցնենք` Twitter-ի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԼՂ խնդրի շուրջ հայտարարությունը քննադատողներին հասցեագրված հետեւյալ բովանդակությամբ գրառում էր հայտնվել. «Երեք ելք կա` բանակցությունների միջոցով կարգավորում, շարունակական եւ անընդունելի ստատուս-քվո կամ պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք»: Դեսպանատունը նաեւ հիշեցրել է, որ նրանք, ովքեր քննադատում են Ուորլիքի հայտարարությունը, պետք է հիշեն, որ «բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջումներով պետք է ընթանա»:




























