Այս տարի որպես «Եվրատեսիլի» այլընտրանք 40 երկրների մասնակցությամբ եւս մեկ մրցույթ է անցկացվում համացանցում՝ «EuroMusic Contest»-ը, որին մասնակցում է նաեւ հայուհի Նառա Նոյանը, գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d`Arménie» ամսագիրը:
Եթե Արամ MP3-ը շաբաթ օրը «Եվրատեսիլում» հաղթելու հնարավորություն ունի, ապա հայ-ֆրանսիական տաղանդավոր երգչուհի Նառա Նոյանը «EuroMusic Contest» մրցույթին ներկայացնում է Բելգիան: Ներկայումս նա զբաղեցնում է այդ երկրի ցուցակի երկրորդ տեղը: Եզրափակիչ անցնելու համար Նառան պետք է առաջինը դառնա Բելգիայում: Այնուհետեւ միջազգային ժյուրին պետք է 40 մասնակիցներից ընտրի 10 երկրի: Այս շաբաթ օրը քվեարկության վերջին օրն է: Նառայի եւ այս պահին առաջին տեղն զբաղեցնող մասնակցի միջեւ տարբերությունը 500 ձայն է:
Նշենք, որ Նառա Նոյանը Բելգիայում հաստատվել է 17 տարեկանում: Նա առաջին տեղի մրցանակներ է շահել մի քանի մրցույթներում: Երգչուհին վերջերս թողարկել է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ «Shadows & Lights»:











