Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու եւ այն բանի համար, որպեսզի երկրում մայիսի 25-ին կայանան նախագահական ընտրությունները, փոխանցում է AP-ը:

Ըստ Մերկելի՝ Պուտինը «պետք է իրադրության լարվածության թուլացման ավելի շատ  ազդանշաններ տա»: «Արդեն կան նախնական ազդանշանները, սակայն դրանք պետք է ուժգնանան, որպեսզի հասնեն Ուկրաինայի արեւելյան եւ հարավային հատվածներ, եւ  այնտեղ գիտակցեն, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է արդար եւ համընդհանուր նախագահական ընտրություններ անցկացնել», փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Գերմանիան եւ Ֆրանսիան հայտարարել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին, եթե մայիսի 25-ին  նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրությունները չկայանան: