Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում մայիսի 10-ին կայացել է Սուրբ Կարապետ եկեղեցու հանդիսավոր օծումն ու բացումը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Արտակ Դավթյանը,  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մեծաթիվ հյուրեր Ռուսաստանից:

Եկեղեցու շինարարության գաղափարը պատկանում է գործարար, մեկենաս Արթուր Կարապետյանին, որը ծնվել եւ մեծացել է Ջանֆիդայում, սակայն արդեն 20 տարի է՝ բնակվում է Դոնի Ռոստովում: «Ես իմ ծնողների հիշատակին երդվել էի եկեղեցի կառուցել հարազատ գյուղում, եւ ամենից առաջ նրա համար, որպեսզի մեր գյուղն իր սրբատեղին ունենար», - լրագրողներին հայտնել է Արթուր Կարապետյանը: Նա նաեւ հավելել է, որ գյուղում իր գործունեությունը դրանով չի սահմանափակվի:

Մեկենասի կինը՝ Նարինե Կարապետյանը, պատմել է, որ շինարարության գաղափարը ծնվել է մոտավորապես 4 տարի առաջ: Ըստ նրա՝ շինարարությունը տեւել է 3,5 տարի: Ճարտարապետն է Սամվել Մովսիսյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաքվածներին շնորհավորել է մայիսյան տոների առթիվ եւ եկեղեցու շինարարության համար շնորհակալություն հայտնել Կարապետյան ընտանիքին՝ Արթուր Կարապետյանին հանձնելով «Արմավիրի մարզպետի պատվոգիր»:   

Օրը նշանակալի է ոչ միայն Սուրբ Կարապետ եկեղեցու բացմամբ, այլեւ եկեղեցու շուրջ 7 խաչքարերի տեղադրմամբ: Խաչքարերից առաջինը նվիրված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, այն տեղադրել է Արթուր Կարապետյանի ընտանիքը եւ թվով երրորդն է, մյուս երկու խաչքարերը Դոնի Ռոստովում են: Երկրորդ խաչքարը  նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, եւ ողբերգության 100-ամյա տարելիցի  նախօրեին տեղադրվել է Դիրուդյան, Գույուքլյան եւ Էքսազյան ընտանիքների կողմից:  Երրորդ խաչքարը Արցախյան ազատագրական պատերազմի հերոսների պատվին է՝ Գագիկ Գրիգորյանի ընտանիքի կողմից: Չորրորդ խաչքարը Գասպարյան եւ Սարգսյան ընտանիքներից է՝ նվիրված Ջանֆիդա գյուղի բնակիչներին, հայրենիքին եւ հարազատ գյուղին իրենց նվիրվածության համար, հինգերորդ խաչքարը Յազիչյան եւ Հովսեփյան ընտանիքների կողմից է՝ ի նշան քրիստոնեական անխախտ հավատքի, վեցերորդ խաչքարը հաստատվել է Սապաջյան, Լուսպիկայան եւ Պիջիկյան ընտանիքների ջանքերով:  Յոթերորդ խաչքարը նվիրված է հայ ժողովրդի միասնությանը եւ հաստատվել է Արթուր Կարապետյանի ընտանիքի կողմից՝ իր ընտանիքի պատվին: