NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Reuters-ի թղթակից Թայս Հալդ Յենսենի հոդվածը, որը հրապարակվել է «The Globe and Mail» թերթում:

26 երկրների մասնակիցներ շաբաթ օրը կմրցեն «Եվրատեսիլում», որը փոփ երաժշտության եւ քաղաքականության կոկտեյլ է. մորուքավոր տրանսվեստիտը կմրցի ռուսաստանցի երկվորյակ քույրերի եւ  Ուկրաինայի ամբոխի  21-ամյա սիրելիի հետ:

Շատերը ենթադրում էին, որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է տուժել Ղրիմի բռնակցման եւ նույնասեռականների իրավունքների հարցում անզիջում դիրքորոշման պատճառով: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման աշխարհաքաղաքական արձագանքները կարող են գերակայել երգի մրցույթում: Կոպենհագենի լսարանից շատերը երեքշաբթի սուլել էին Ռուսաստանի մասնակիցներին՝ 17-ամյա  Տոլմաչեւա քույրերին, որոնք եզրափակիչ են անցել:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը «Եվրատեսիլում» վեճեր է առաջացնում: 2009 թ. Վրաստան Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո  այդ երկիրը ցանկանում էր Վլադիմիր  Պուտինի հասցեին  ծաղրական ելույթով հանդես գալ Եվրատեսիլում՝ «We don’t Wanna Put In» երգով: Սակայն կազմակերպիչներն ասել էին, որ Վրաստանի երգը չափազանց քաղաքականացված է, եւ խնդրել էին փոխել երգի բառերը, կամ էլ ելույթ ունենալ այլ երգով: Վրաստանը դուրս էր եկել մրցույթից: 

Ուկրաինացի երգչուհի Մարիա Յարեմչուկը, որին ուժեղ ծափահարում էին եւ որը նույնպես եզրափակիչ է անցել, ասել է, որ մրցույթի նախապատրաստումը տուժել է իր երկրում իրադրության պատճառով: «Իրականում, երբ ես պատրաստվում էի Ուկրաինայում, ես նույնիսկ չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ այս ամենն ազդում էր մեր վրա»,– նշել է նա:

Մրցույթն սկսել են անցկացնել 1950-ականներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միասնությունն ամրապնդելու նպատակով, սակայն աշխարհաքաղաքականությունը իր դերն է խաղացել քվեարկությունում նաեւ նախկինում: Վեճը խորանում է նաեւ նրանով, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, Ռուսաստանի կողմից բռնակցած Ղրիմի ձայները հաշվվելու են որպես  Ուկրաինայի ձայներ, քանի որ հաշվարկը հիմնված է գոյություն ունեցող ազգային հեռախոսային կոդերի վրա: