Ամերիկացի եւ մյուս ամոթահար դիվանագետները ստիպված են հերքել այն պնդումը, թե Ղարաբաղի հարցում այլ տարբերակ, քան ստատուս-քվոյի պահպանումն է, չի կարող լինել, բայց իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ավելի լավ ոչինչ առաջարկել չեն կարող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, դիվանագետներն ասում են այն, ինչ պետք է ասեն: «ԱՄՆ դեսպանները չեն կարող ընդունել այն, ինչ, օրինակ, Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանն է ասել: Նա հայտարարել էր, որ մենք ստիպված ենք ստատուս-քվոն ընտրել, քանի դեռ խնդրին վերջնական լուծում չի տրվել: Խնդիրը նրանում է կայանում, որ Ուորլիքի առաջարկած սկզբունքները մադրիդյան սկզբունքների ուղղությամբ տասը տարվա աշխատանքի արդյունք են, որոնք այդ տասը տարիներին ոչ մի կերպ չեն հաջողացրել կողմերի դիրքորոշումները բավականաչափ մերձեցնել»,- նշել է Սերգեյ Մինասյանը, հավելելով, որ առանց փոխզիջման խաղաղ կարգավորում չի կարող լինել:
«Փոխզիջումների բացակայության պարագայում փխրուն հրադադադարի եւ ստատուս-քվոյի պահպանությունից բացի այլ տարբերակ չի կարող լինել»,- նկատել է քաղաքագետը: Ուստի եւ դիվանագետները պետք է իրենց աշխատանքը կատարեն, հայտարարությամբ հանդես գալու կոչեր անեն` շատ լավ հասկանալով, որ ստատուս-քվոյին ոչ մի իրական այլընտրանք չկա, քանի որ առնվազն վերջին 10 տարիներին մենք ականատեսն ենք մի իրադրության, երբ Ադրբեջանը, դիրքորոշումների մերձեցման փորձեր անելու փոխարեն, ուղիղ հակառակ քայլեր է կատարում»,-նշել է Սերգեյ Մինասյանը`հավելելով, որ կարիք չկա հիշեցնել, թե որտեղ են հիմա այն մարդիկ, որոնք փորձում էին երկխոսություն հաստատել, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջումների համար շփման կետեր գտնել. նրանք կամ բանտում են կամ էլ լուրջ ճնշումների են ենթարկվում:
«Այս ֆոնին բոլորի համար պարզ է, որ ստատուս-քվոյի պահպանումից բացի այլ տարբերակ չկա: Իհարկե` դա իդեալական տարբերակ չէ, բայց եւ անհաժեշտ պայման է բանակցությունները շարունակելու համար, քանի որ այլընտրանքն իսկապես պատերազմն է: Խաղաղ կարգավորումը ներկա պահին տեխնիկապես, ֆիզիկապես եւ քաղաքականապես անհնար է»,- ամփոփել է Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք` օրերս Twitter-ի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԼՂ խնդրի շուրջ հայտարարությունը քննադատողներին հասցեագրված հետեւյալ բովանդակությամբ գրառում էր հայտնվել. «Երեք ելք կա` բանակցությունների միջոցով կարգավորում, շարունակական եւ անընդունելի ստատուս-քվո կամ պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք»: Դեսպանատունը նաեւ հիշեցրել է, որ նրանք, ովքեր քննադատում են Ուորլիքի հայտարարությունը, պետք է հիշեն, որ «բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջումներով պետք է ընթանա»:




























