Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ամերիկյան կողմի ակտիվացման հիմնական պատճառները Ուկրաինայում տիրող ճգնաժամը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների միջեւ խորացող լարվածությունն են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն անձամբ է ներկայացրել ամերիկյան դիրքորոշման ակտիվացման գլխավոր պատճառներից մեկը: «Դա այն է, որ առաջիկա օրերին հրադադարի ռեժիմի հաստատման 20-ամյակն ենք նշելու: Բայց դա միայն պատճառներից մեկն է, իսկ երկրորդ պատճառը, որի մասին դեսպան Հեֆերնը նախընտրել է լռել, իսկ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը, առաջ անցնելով, հերքել, իմ կարծիքով, ուկրաինական ճգնաժամի մեջ է կայանում»,- նշել է Սերգեյ Մինասյանը: Թեկուզեւ, քաղաքագետի համոզմամբ, պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին գործողությունները միայն ամերիկյան կողմի նախաձեռնության հետեւանքն են:
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Կարնեգիի հիմնադրամում ելույթի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 տարր էր ներկայացրել: Դրանց շարքում առավել նշանակալից է երրորդ կետը, որտեղ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, եւ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ուորլիքի առաջարկած տարբերակի դեմ կտրուկ ելույթով են հանդես եկել:



























