Իջեւանի N զորամասում մայիսի 10-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր: 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այնուհետեւ պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում  ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման եւ զորամասի  հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Նախարարին են  ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ եւ հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ըստ նախնական տվյալների, մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: