Ուկրաինայի Դոնեցկի մարզում անցկացվող հանրաքվեի ժամանակ հնարավոր է քվեարկել այլ մարզում գրանցված լինելու դեպքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, որի թղթակցին իրավունք է տրվել քվեարկել այլ մարզի գրանցմամբ: հաղորդում են, որ ընտրացուցակները «ձեռքի վրա» են կազմում:

«Ուկրաինսկայա պրավդան» հաղորդում է, որ ՈւԱԾ-ն ձերբակալել է Դոնեցկի մարզի երկու բնակչի, որոնք սեփական մեքենայով 10 հազար քվեաթերթիկ են տեղափոխել՝ նախօրոք «Այո»-ն նշած:

ՈւՆԻԱՆ-ը հաղորդում է, որ Դոնեցկում ուկրաինական ԶԼՄ-ների լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել, ի տարբերություն ռուսական հեռուստատեսության կամ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության»:

Բլոգեր Սերգեյ Իվանովը հաղորդել է, որ Լուգանսկում երկու ընտրատեղամասերից բացի, բոլորը դատարկ են: «Ցուցադրելու համար Լուգանսկում տեղամասեր են կազմակերպել, որտեղ զանգվածային քվեարկություն են ձեւակերպել: Մյուս տեղամասերը դատարկ են»,- հայտարարել է Իվանովը:

Նա նաեւ նշել է, որ մոտակայքում «հատուկ զանգված կա՝ բաղկացած կամավորներից եւ դրա դիմաց գումար վերցրածներից», «որպեսզի «Russia Today» հեռուստաալիքը , կամ Առաջին ալիքն «ճիշտ» պատկերը լուսաբանեն»:

Իր հերթին «Օստրովը» նաեւ հաղորդում է, որ զանգվածային մասնակցություն Դոնեցկում չի նկատվել: Դրա հետ մեկտեղ դաշնայնացման կողմնակիցները հաղորդում են աննախադեպ մասնակության մասին:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը հաղորդել է, որ 16:00-ի դրությամբ  մասնակցությունը կազմել է 69,27 տոկոս: Հարավ-արեւելքի մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը հայտնում է, որ 16:00-ի դրությամբ Լուգանսկում մասնակցությունը կազմել է 78 տոկոս: