Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղին ԼՂՀ միջազգային ճանաչումն է՝ խաղաղ բանակցությունների արդյունքում, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը:
«Ղարաբաղյան հարցի լուծումը օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքերի դուրսբերումն է: Այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ տարածքները օկուպացրել է Ադրբեջանը, դրանք Գեղաշենի եւ Մարտունաշենի տարածքներն են: Երբ խոսքը օկուպացիայի մասին է, պետք է գիտակցել, որ խոսքը Ղարաբաղի ժողովրդի մասին չէ, ղարաբաղցիները օկուպանտները չեն, Ադրբեջանն է, որն ի պատասխան Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձագանքել էր ագրեսիվ օկուպացնող պատերազմով», - նշել է Շարմազանովը: Խորհրդարանի փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը չպետք է այլընտրանք ունենա:
Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ նշվում է. «Հրադադարը, սակայն, չլուծեց հիմնախնդիրը: Այն ԼՂ-ի հարակից տարածքները թողեց օկուպացված եւ ի զորու չեղավ առաջընթաց ապահովել ԼՂ-ի կարգավիճակի հարցում: Վերջնական կարգավորման բացակայության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին, սահմանին եւ շփման եզրին կա իրավիճակի սրացման մշտական սպառնալիք, ինչպես նաեւ որոշ մարդկանց մոտ մոլորություն ծագեց, որ ստատուս քվոն կարող է հաստատուն լինել եւ ձգվել անորոշ ժամկետով»:




























