Իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ մայիսի 12-ին 400 ներգաղթյալ տեղափոխող նավ է շրջվել:
Mare Nostrum ռազմա-հումանիտար առաքելության` միջադեպի վայր ժամանած նավերը շուրջ 200 մարդու կյանք են փրկել: Հաղորդվում է, որ նավաբեկության գոտում նաեւ մահացածների մարմիններ են գտնվել, սակայն նրանց հստակ թիվը դեռեւս չի հաղորդվում, ANSA գործակալությանը վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աֆրիկայի երկրներից Իտալիա ներգաղթյալներ տեղափոխող նավերը Սիցիլիական (Թունիսյան) նեղուցի տարածքում հաճախ են աղետի ենթարկվում: 2013թ. հոկտեմբեր ամսին նույն` Լամպեդուզա կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության արդյունքում շուրջ 500 աֆրիկացի ներգաղթյալներ էին զոհվել, որոնց մարմինները մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Հիշյալ միջադեպից հետո ծովային ճանապարհով Իտալիա հասնելու փորձ կատարող ներգաղթյալներին փրկելու համար Mare Nostrum ռազմա-հումանիտար առաքելությունն է հիմնադրվել, որն իր գոյության ընթացքում արդեն շուրջ 100 նպատակային գործողություն է իրականացրել:




























