Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայ-շվեյցարական գործարարության զարգացման միության ներգրավմամբ եւ ArmSwissBank-ի աջակցությամբ օրերս կայացել է «Առեւտրատնտեսական եւ ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագիրը կրող գործարար համաժողովը:
ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները: ՀՀ մասնավոր հատվածը ներկայացնում էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «AZAD Pharmaceuticals ingredients AG», «Arslanyan Cutting Works», «Global Management Consulting», «FEDA» ընկերությունների ներկայացուցիչները:
Շվեյցարական կողմից միջոցառմանը մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի քանի տասնյակ շվեյցարացի գործարարներ:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը, Հայաստանի արտաքին առեւտրային ռեժիմները, խոսել հեռանկարների մասին: Փոխնախարարի ելույթին հետեւել են հայկական պատվիրակության ներկայացուցիչների զեկույները մաքսային, հարկային օրենսդրությանն ու վերջինիս վարչարարության, բանկային, ապահովագրական եւ ֆինանսական համակարգերի վերաբերյալ: Ներկայացվել են նաեւ ոլորտային զեկույցեր:
«Առեւտրատնտեսական եւ ներդրումային հնարավորությունները Հայաստանում» գործարար համաժողովի կազմակերպումը եւ անցկացումը մեծապես կարեւորվում է շվեյցարացի հնարավոր գործընկերներին եւ ներդրողներին Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտները, ներդրումային ներուժը ներկայացնելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական կապերի եւ ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման նպատակով համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից:
Նախնական պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-18-ը նախատեսվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:




























