Եգիպտոսի իրավապահները կալանավորել են խոշորագույն ահաբեկչական խմբի 225 անդամների:

Զինյալները պատկանում են քիչ հայտնի  «Ագնադ Մասր» («Եգիպտոսի զինվորներ») կազմակերպությանը, որն իր վրա է վերցրել ապրիլին Կահիրեի համալսարանի` ճարտարագիտական ֆակուլտետի առջեւ տեղի ունեցած ահաբեկչական  գործողությունների պատասխանատվությունը, հաղորդում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Այդ ժամանակ պայթյունի հետեւանքով սպանվել էր ոստիկանության քրեական բաժնի ղեկավար, բրիգադի գեներալ Թարեք ալ-Մերգաուին,  եւս հինգ մարդ վիրավորվել էր:

Որոշ տվյալներով՝ «Ագնադ Մասր»-ի ստեղծմանը անմիջական առնչություն են ունեցել «Մահմեդական եղբայրներ» -ի առաջնորդները, առաջին հերթին կազմակերպության երկրորդ մարդը` Հեյրաթ աշ-Շաթերը:

 Ավելի վաղ Եգիպտոսի ​​ՆԳՆ-ն ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունը վերագրել էր իսլամական միությանը: