Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին անվտանգության ցանկացած միջազգային երաշխիք կասկածելի է թվում: Մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին հիշյալ տեսակետն է հայտնել Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մադրիդյան փաստաթղթի շրջանակում հիշատակվող անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման սկզբունքին:
«Պայծառ ապացույցն այն բանի, որ այսօր թղթին հանձնված երաշխիքները կարող են եւ չաշխատել, Ուկրաինայում ստեղծված ճգնաժամն է եւ Բուդապեշտի հուշագրի խախտումը, համաձայն որի 3 խոշոր երկրներ պարտավորվել էին ձեռնպահ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից»,- նշել է Մինասյանը: Բացի այդ, նրա խոսքով, ներկայումս Մադրիդյան սկզբունքներն իրականանալի չեն, քանի որ դրանցից մի քանիսի շուրջ կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ բանակցություններ վարել, իսկ մի քանիսն էլ տեխնիկապես են անիրականանալի:
«Օրինակ` սկզբունքներից մեկը բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների բնակության նախկին վայրեր վերադարձն է նախատեսում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է այն տեխնիկապես հնարավոր, քանի որ եթե խոսք է գնում բոլոր փախստականների մասին, ապա նկատի են առնվում ոչ միայն Աղդամից եւ Լաչինից փախստականները, այլ նաեւ` Շահումյանից, Գանձակից, Սումգայիթից եւ Բաքվից: Սակայն ներկայումս, երբ երկու երկրներից միջեւ նույնիսկ քաղաքական երկխոսություն չկա, դա անհնար է իրականացնել»,- ընդգծել է փորձագետը: Եվ այնուամենայնիվ, չնայած այդ ամենին, Մինասյանի համոզմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը պահպանելու համար բանակցային գործընթացը շարունակել է պետք:



























