Գերմանացի հնագետները Գերմանիայի կենտրոնական շրջաններից մեկում վաղ հռոմեական լեգեոներների թողած հետքեր են հայտնաբերել:

Հախելբիխ համայնքում (Թյուրինգիայի դաշնային երկիր) ռազմական դաշտային ճամբար է հայտնաբերվել, որի մ.թ. I-III դարերին է թվագրվում: Այս մասին տեղեկություն է տարածել երկրի` հուշարձանների պահպանության եւ հնագիտական տեսչությունը:

Կառույցների հետքերը վաղ հռոմեական ռազմական ճամբարի բնութագրական հատկանիշներն ունեն եւ համապատասխանում են բոլոր, այդ թվում նաեւ` անտիկ գրավոր աղբյուրներում առկա նկարագրություններին:

Գիտնականները մասնավորապես գունավոր մետաղներից պատրաստված իրեր եւ հատուկ մեխեր են հայտնաբերել, որոնցով հռոմեացի լեգեոներների ոտնամաններն էին ամրացվում:

Նմանատիպ դաշտային ճամբարներն ընդամենը մի քանի ժամում էին կառուցվում` ռազմական արշավանքի ելած զինվորների կարճաժամկետ հանգստի համար: Հախելբիխի ճամբարի կառուցման հստակ տարեթիվը դեռեւս չի բացահայտվել, սակայն գտածոն եւս մեկ ապացույց է հանդիսանում այն պնդման համար, թե հռոմեացիները ներկայիս Գերմանիայի արեւելյան շրջաններն ավելի խորն են ներթափանցել, քան նախկինում էր ենթադրվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: