Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն ավելի քան 2 տասնամյակ միասնական ֆինանսա-տնտեսական տարածքում են եւ անվտանգության ընդհանուր գոտում, եւ Հայաստանի մուտքը նոր միություններ չպետք է  ազդի առկա իրավիճակի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ առավելություններ ու թերություններ են սպասում Ղարաբաղին այն ենթատեքստում, որ Հայաստանը Եվրասիական տարածք մուտք գործելու շեմին է:

«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը առեւտրա-տնտեսական միություններին ԼՂՀ-ի համար վտանգ է ներկայացնում: Վտանգը կարող է ծագել այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը մաս կազմեն ինչ-որ քաղաքական միության, ինչպես օրինակ ԽՍՀՄ-ն էր, եւ ինքիշխանության մի մասը հանձնվի նոր կենտրոնի կամ վերազգային մարմնի: Այդ դեպքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի հնարավորություններն ազդել իրավիճակի վրա սահմանափակ են: Իրադարձությունների նման զարգացումը կարող է նոր պատերազմի հանգեցնել»,- ասել է Մայիլյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ մարտահրավերներ կան այսօր ԼՂՀ առջեւ՝ նոր պատերազմ, աշխարհակարգի փոփոխություն, Մայիլյան նշել է, որ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումն է. ԼՂՀ բոլոր ինստիտուտների ամրապնդումն ու հայկական պետությունների արդյունավետության բարձրացումը լավագույն պատասխանն է աշխարհաքաղաքական մարտահրավերներին»: