Շառլ Ազնավուրի մայիսի 12-ի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցավ լեփ-լեցուն դահլիճում։ 89-ամյա շանսոնիեն մի ամբողջ ժամ կատարեց իր երգացանկի ամենասիրված գործերը՝ դահլիճի ձայնակցությամբ։

Համերգը շանսոնիեի խնդրանքով Կոմիտասի կատարմամբ բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Մաեստրոն հայերեն ողջունեց հանդիսատեսին, ապա անցավ ֆրանսերենի՝ պատճառաբանելով, որ դահլիճում ներկա է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ  նրան ու Սերժ Սարգսյանին ողջունեց ֆրանսերեն։ Դրանից հետո արդեն ամբողջ համերգի ընթացքում շանսոնիեն խոսում էր ֆրանսերեն։

89-ամյա մաեստրոն զարմանալիորեն լավ «մարզավիճակում էր», նա ոչ միայն երգում էր, այլեւ պարում, իսկ La Boheme հայտնի երգի կատարման ժամանակ հանդիսատեսին նետեց ձեռքի թաշկինակը։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազնավուրի ոտքը ցավում է, եւ նա իրեն այնքան էլ լավ չի զգում։

Համերգին ներկա էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը նստած էր պարտերում։

Այս համերգը աշխարհահռչակ ֆրանսահայ երգահանի 90-ամյա հոբելյանի առթիվ նախաձեռնված համերգային շրջագայությունների շարքից էր։ Մայիսի 22-ին Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում, որտեղ նախատեսվում է մենահամերգ Բեռլինի «02 World» մարզադաշտում, մայիսի 24-ին համերգ կունենա Ֆրանկֆուրտում, հունիսի 26-ին՝ Բարսելոնայում, որից հետո կմեկնի ԱՄՆ։

Նշենք, որ իր 90-ամյա հոբելյանի առիթով Ազնավուրը անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար` ապրիլի 28-ին թողարկելով իր տարբեր տարիների ստեղծագործությունները մեկտեղող՝ 32 ձայնասկավառակներից պատրաստված ձայնադարան: