Տավուշի մարզի Իծաքար գյուղում մայիսի 12-ին կնոջը խեղդելով սպանած պայմանագրային զինծառայող 33-ամյա Մերուժան Հարությանյանին դեռ չեն գտել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իծաքարցիները:
«Դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, գյուղացիներն ու ոստիկանությունը փնտրում են, սակայն դեռ արդյունք չկա: Ամենայն հավանականությամբ անտառներում թաքնված է»,- ասաց գյուղացիներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:
Դեպքը ցնցել է ամբողջ գյուղը: Մայիսի 12-ի վաղ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Մերուժանը զանգել է հորն ու ասել՝ «արի, տես՝ ինչ եմ արել»: Անմիջապես հայրը շտապել է որդու տուն, որտեղ գտել է 31-ամյա հարսի դին եւ անչափահաս երեք թոռնիկներին, որոնք այդ պահին բարեբախտաբար, քնած են եղել:
«Երեխեքը քնած են եղել կողքի սենյակում, լավ է, որ չեն տեսել էդ դաժան տեսարանը: Հիմա երեքն էլ հորական տատիկի եւ պապիկի մոտ են, կատարվածի մասին ոչինչ չգիտեն»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Թե ինչն է եղել սպանության պատճառը, դեռ հայտնի չէ: Գյուղում պտտվում է այն վարկածը, թե խանդից է Մերուժանը նման քայլի դիմել, քանի որ «շատ հանգիստ եւ հավասարակշռված անձնավորություն է եւ երբեք ագրեսիվ վարքով աչքի չի ընկել»:
Նշենք, որ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Իծաքարի գյուղապետը ասել էր .«Երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ, մեկ տղա, մեծ երեխան 10 տարեկան է: Նախկինում եղել է, որ ընտանեկան խնդիրներ են ունեցել, հնարավոր է՝ սպանության պատճառը խանդն է»:




























