Ամերիկացի հնագետների խումբը Կարիբյան ծովի հատակին՝ Հայիթիի հյուսիսային ափերում, բեկորներ է հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, «Սանտա Մարիա» նավի բեկորներն են, որով ՔրիստափորԿոլոմբոսը հայտնագործել է Ամերիկան:
Խումբը նման եզրահանգման է եկել Հայիթիի կառավարության հետ համատեղ անցկացրած ուսումնասիրությունից հետո:
2003թ. գիտնականների խումբը տեղանքի ուսումնասիրություն էր անցկացրել: Ուսումնասիրել էին նաեւ ծովային 400 անոմալ երեւույթներ եւ Կոլումբոսի օրագիրը, որը հնարավորություն էր տվել սահմանել բեկորների մոտավոր գտնվելու վայրը եւ զգալիորեն նեղացրել էր որոնումների շրջանակը: Գիտնականները նաեւ լուսանկարների հետ համադրել էին նավի արտաքին նկարագրությունը, տախտակամածի վրա եղած թնդանոթները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Independent-ը:
«Այժմ մենք պետք է շարունակենք համատեղ աշխատանքը Հայիթիի կառավարության հետ՝ բեկորների մանրամասն հնագիտական պեղումներ կատարելու համար», — նշել է ամերիկացի հետազոտող Բարի Քլիֆորդը: Ըստ նրա՝ պեղումները կներկայացնեն Ամերիկայի բացահայտման առաջին հնագիտական ապացույցները:
«Սանտա Մարիա» նավով 1492թ. Կոլոմբոսը հայտնաբերել էր Ամերիկան: Նավի երկարությունը 21 -25 մ էր, այն կարող էր տեղավորել մինչեւ 40 մարդ: Նավը խորտակվել էր Հայիթիի ափերում՝ դեկտեմբերի 25-ին, բախվելով խութերին:




























