ՌԼԴԿ-ի պատգամավոր, ՀԿ-ների եւ հոգեւոր կազմակերպությունների հարցերով  Պետդումայի հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը դատապարտել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի գործողությունները՝  նամակ ուղարկելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի վերջինս խելքի բերի Ավակովին:

Եվս երկու պաշտոնական նամակ է ուղարկվել Նոր Նախիջեւանի եւ ՀԱԵ-ի ռուսական թեմի արքեպիսկոպոս Եզրասին եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանին՝ խնդրելով հրապարակային հայտարարություններ անել, որոնք կկարողանան  «կանգնեցնել արյունահեղությունն Ուկրաինայում»:

Ըստ խորհրդարանականի՝ ազգային առաջնորդների հրապարակային ուղերձները կարող են ազդել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, որը հայկական ծագում ունի: Ավակովը ծնվել է Բաքվում՝ զինծառայողի ընտանիքում:  «Անձնագրով ես  Ուկրաինայի քաղաքացի եմ, իմ բոլոր արմատներով՝ հայ», քանիցս հայտարարել էր Ավակովը:

Նիլովն իր նամակները սկսում է ցեղասպանությունը հիշելով: Նա համեմատում է այդ ողբերգությունը Ուկրաինայի իրադարձությունների հետ, ասելով, որ «կատարվածը փաստացի կարելի է ցեղասպանություն անվանել», փոխանցում է «Իզվեստիան»: