«Վեցյակի» (Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի ներկայացուցիչների` մինչեւ հուլիսի 20-ը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ լիարժեք համաձայնության գալու հնարավորությունները չեն սպառվել: Վիեննայում անցկացվող բանակցությունների հերթական փուլի մեկնարկից առաջ դիվանագիտական աղբյուրից ստացված հիշյալ տեղեկությունն է փոխանցել ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրանական պատվիրակությանը իրավաբաններ են ուղեկցում», - հայտնել է գործակալության զրուցակիցը` հավելելով, որ կողմերին Թեհրանի «միջուկային դոսյեի» հարցով ամփոփիչ համաձայնության մշակմանն ուղղված բարդ աշխատանք է սպասվում: «Հասկանալով դա, կողմերը գործընթացին միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբաններ ներգրավելու որոշում են կայացրել», - նշել է գործակալության աղբյուրը` տեղեկացնելով, որ ներկայումս ընկալում կա, թե մինչեւ հուլիսի 20-ը աշխատանքներն ավարտելու հնարավորությունները չեն սպառվել:
Ընթացիկ տարվա փետրվարից «վեցնյակը» եւ Իրանը Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների արդեն երեք փուլ են անցկացրել, որոնք նպատակ ունեն Թեհրանի կողմից իրականացվող միջուկային հետազոտությունների խաղաղ բնույթի հավաստումը գտնել եւ այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը չեղյալ հայտարարել:




























