ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Քարնեգի կենտրոնում իր ելույթի մեկնաբանությունների համար:

«Շնորհակալ եմ Քարնեգի կենտրոնում իմ ելույթի վերաբերյալ մեկնաբանությունների համար, նույնիսկ քննադատական մեկնաբանությունների: Կարեւոր է ազնիվ երկխոսություն սկսել այն մասին, թե ինչպես հասնել խաղաղության Լեռնային Ղարաբաղում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: