Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թբիլիսիում ավարտում է եռօրյա այցը Հարավային Կովկասի երկրներ: Ավելի վաղ նա այցելել էր Ադրբեջան ու Հայաստան:
Օլանդը Թբիլիսում անցկացնելիք յոթ ժամվա ընթացքում կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Նա նաեւ ելույթ կունենա վրաց-ֆրանսիական տնտեսական համաժողովում:
Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի Վրաստան այցի ժամանակ երկկողմ հարաբերությունները եւ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերը կլինեն քննարկման գլխավոր թեմաները:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին անցյալ շաբաթ այցով Ֆրանսիայում էր եղել, որտեղ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի «շուտափույթ» անդամակցության կոչ էր արել:
Հայաստան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ իր այցը տարածաշրջան «որեւէ մեկի դեմ ուղղված չէ»:




























