NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկացնում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականի արտաքին քաղաքական ծառայության թղթակից Իզաբել Լասեերի հոդվածը:
Ֆրանսիայի նախագահը երեքշաբթի օրը Թբիլիսի այցով ավարտին է հասցնում իր հարավկովկասյան շրջագայությունը, որի երեք էտապներից նշվածը թերեւս ամենաբարդն է լինելու: Նախ, քանի որ 2008թ. Թբիլիսիի ռազմական ընդհարումները ռուսական զորքերի հետ դեռեւս թարմ հիշողություններ են արթնացնում: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի եւ Ուկրաինայի, Վրաստանը որոշել է Արեւելյան գործընկերության ճանապարհով ընթանալ: Նախորդ տարի Վիլնյուսում նախաստորագրված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որ հակասում է Մոսկվայի` տարածաշրջանի համար կառուցած քաղաքական ամիբիցիաներին, հաջորդ ամսվա ընթացքում պետք է ստորագրության դրվի: Ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ պահին եվրոպական պետության ղեկավարի այցը Թբիլիսի խիստ անցանկալի խորհրդանշականություն է ձեռք բերում: Մանավանդ, որ խոսքը Ֆրանսիայի նախագահի մասին է:
Այնպես որ Փարիզից սպասելիքները կարող են հիասթափության մատնել: Իհարկե, Ֆրանսուա Օլանդը մտադիր է բարձրաձայնել Ֆրանսիայի` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հավատարմությունը: Սակայն Ուկրաինայում կայանալիք ընտրություններից երկու շաբաթ առաջ նրանից ավելին ակնկալել չի կարելի: Հաշվի առնելով մայիսի 25-ի կարեւորությունը եւ չցանկանալով որեւէ նրբանկատ հարցի շուրջ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ֆրանսուա Օլանդն իր շրջագայության վրացական էտապը «զգուշամտության» նշանի տակ է դրել: Ելիսեյան պալատից արդեն իսկ հայտարարել են, որ թեկուզեւ Ֆրանսիան ողջունում է Վրաստանին` ԵՄ-ի հետ մերձեցման առթիվ, դա չի նշանակում, որ Թբիլիսիին Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ ընտրություն է պարտադրվում:
Ֆրանսիայի ուրվագիծն ավելի մշուշոտ կդառնա, եթե բանակցությունների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրմանը վերաբերող հարցեր քննարկվեն: Չնայած այն Վրաստանի ռազմակավարական նպատակներից մեկն է հանդիսանում, վերջերս Վաշինգտոնը նախապայմաններով համեմված սառը ցնցուղ էր կազմակերպել Թբիլիսիի համար: Ֆրանսիան, որ առաջին հերթին ձգտում է Ուկրաինայում տիրող իրավիճակի լիցքաթափմանը հասնել եւ Վլադիմիր Պուտինին դիվանագիտական ուղիների վերադարձնել, չպետք է Վաշինգտոնին հակասի:



























