«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հայտարարել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Ցուցակում ներառվել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Փաստաթղթում հստակեցվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը պայմանական է ընդգրկվել ցուցակում՝ առանց գործնականում պատժամիջոցների կիրառման: Քեմերոնին առաջարկվել է «մտորել Կիեւի խունտայի հանդեպ իր վերաբերմունքի մասին, հատկապես՝ Մեծ Բրիտանիայի ու Դոնբասի ավանդական բարի հարաբերությունների լույսի ներքո», հայտնում է «Նովոստի Դոնբասա»-ն:
Անգելա Մերկելին եւ Քեթրին Էշթոնին արգելված է մուտք գործել ԴԺՀ կամ թռչել դրա տարածքով՝ մինչեւ 2014թ. սեպտեմբերը ներառյալ:
Օբամայի նկատմամբ պատժամիջոցները երկարացվել են մինչեւ այս տարվա նոյեմբեր: Պատժամիջոց կիրառելու առիթը «Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին աջակցելն է՝ 14.04.2014-ի հակաժողովրդական օրենքի նկատմամբ «հակաահաբեկչական» տերմինը օգտագործելու համար»:
Հիշեցնենք, որ ԴԺՀ-ի եւ Ղրիմի Հանրապետության մի շարք ղեկավարներ ավելի վաղ ընդգրկվել էին ԱՄՆ-ի, Կանադայի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակներում:




























