Մայիսի 30-ին Եվրասիական զարգացման բանկը Հյուսիս-հարավ մայրուղու համար 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի հատկացման հարցը կքննարկի: Մայիսի 13-ին այդ մասին լրագրողներին հայտնել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Արթուր Սարգսյանը: Նրա խոսքով, համապատասխան որոշումը տնօրենների խորհդի նիստի արդյունքում է կայացվելու:

«Հաճելի նորությունն այն է, որ ճանապարհի շինարարությունը նաեւ հարավից կսկսվի»,- ասել է Արթուր Սարգսյանը, հավելելով, որ բոլոր տեխնիկա-տնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են:

Նշենք, որ համաձայն նախագծի, հարավում ճանապարհային երթուղու կտրուկ փոփոխություն է լինելու: Քաջարանից հարավ` շրջադարձների տակով 4,5 կմ երկարությամբ թունել է անցնելու, որ ընդհանուր ճանապարհի 12 կմ-ով կրճատում կապահովի: