Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկան, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաեւ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ է տվել խուսափել հակամարտության սրացումից եւ հետագա մարդկային կորուստներից, այլ հնարավորություն է ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար:
«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները չեն վերածվել երկարատեւ եւ կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում եւ կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», - ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները հիշեցրել են, որ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Եվրոպական միության համար եւ Հարավային Կովկասը կայուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջան դարձնելու անհրաժեշտությունը, ԵՄ-ն իր բանաձեւերում կոչ է արել համապատասխան իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաեւ խուսափել սադրիչ քաղաքականությունից եւ հռետորաբանությունից, ռազմաշունչ հայտարարություններից եւ պատմության աղավաղումից:
Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը՝ ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակներում: Նրանք բազմիցս հայտնել են դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու իրենց պատրաստակամությունը՝ որպես վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոց:
«Մենք կցանկանայինք օգտագործել այս տարեդարձը, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից եւ հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու հակամարտության հետագա սրացումից: Կարեւոր է նաեւ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի հետեւել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին», - ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները կոչ են արել Եվրոպական միությանը նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ խթանելու կողմերի միջեւ խաղաղությունը եւ ըմբռնումը հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնելու համար, որպեսզի Եվրոպային հարիր մարդու իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաեւ իր հարեւանության համար:




























