Հայաստանը չի մասնակցել Մինսկում ապրիլի 29-ին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովին, քանի որ այնտեղ միայն քաղաքական հարցեր են քննարկվել: Այդ մասին լրագրողներին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Օրակարգում տնտեսական հարցեր չկային, ուստի մենք չենք մասնակցել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների մասնակցությամբ նիստին քննարկվել են Եվրասիական տնտեսական տարածքին եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Ճշմարիտյանը հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Մաքսային միությունում միակողմանի արտոնություններն անթույլատրելի են: «Չեմ մեկնաբանում նախագահների հայտարարությունը, ոչ մեր, ոչ այլ երկրների»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄՄ-ից խնդրել է մաքսատուրքերից ազատել մոտ 800 ապրանքախմբեր: