Մայիսի 16-ին ժամը 17:00-ին Երեւանում` Մոսկվայի տանը ռուս պոետ Վլադիմիր Իսայչեւի ստեղծագործական երեկոն տեղի կունենա: Երեկոյի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, Ռուսաստանի եւ Հայաստանի գրողների միությունները, «Ջավախք» բարեգործական հիմնադրամը եւ «Վերադարձ աղբյուրներին» համառուսական հասարակական շարժումը:

Ինչպես NEWS.am-ին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանն է հայտնել, երեկոյի ընթացքում պոետի «Սիրո ճանապարհով» գրքի հայերեն թարգմանությունը կներկայացվի (թարգմանիչ` Լեւոն Բլբուլյան, խմբագիր` Ալբերտ Օհանյան):

Ստեծագործական երեկոյին նաեւ Վլադիմիր Իսայչեւի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ալբոմներ են ներկայացվելու` «Աշնանային պարահանդեսը», «Սրբազանը» եւ «Ընկերների երգերը»:

Երեկոն իրենց անգերազանցելի ելույթներով Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լիդիա Նեբաբան եւ Բուլղարիայի ու Ռուսաստանի պատվավոր արտիստ Բիսեր Կրովը կգեղեցկացնեն:

Վլադիմիր Նիկոլաեւիչ Իսայչեւը պետական եւ հասարակական գործիչ է, իրավաբան եւ բանաստեղծ: Նա Ռուսաստանի բարձրագույն վճռաբեկ դատարանի նախագահն է եւ «Վերադարձ աղբյուրներին» համառուսական հասարակական շարժման հիմնադիրը: