Ուկրաինայի Դոնեցկի մարզի Դեբալցեւո քաղաքը վերահսկողության տակ են առել «Դոնի մեծ բանակի» կազակները: Դա կատարվել է մայիսի 13-ին` տեղի բնակիչների խնդրանքով, փոխանցում է «Դեբալցեւո-online»-ը:
Զորքերի ատաման Նիկոլայ Կոզիցինը բանակցություններ է վարել քաղաքապետ Վլադիմիր Պրոցենկոյի եւ ոստիկանապետ Վլադիսլավ Մրիխինի հետ, որից հետո հայտարարել է «Դեբալցեւո քաղաքի բնակիչների խաղաղության եւ անդորրի» պահպանման կառույց ստեղծելու մասին: Կազակները քաղաքի գործադիր խորհրդի շենքի վրա բարձրացրել են նաեւ «Դոնի մեծ զորքերի» եռագույնը` որպես «քաղաքի հովանավորչության եւ պաշտպանության խորհրդանիշ»:
Թե որքան կազակներ են ժամանել Դեբալցեւո եւ ինչքան կմնան, չի նշվում:
2004 թ. կազակները Կոզիցինի գլխավորությամբ Դոնի տարածքները վերադարձնելու կողմ են արտահայտվել, որոնք Ուկրաինային էին անցել ԽՍՀՄ փլուզումից հետո: Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակում նրանք խնդրել էին աջակցել « Հարավարեւելյան ինքնավարություն ստեղծելու եղբայր ուկրաինացիների ցանկությունը` հետագայում Ռուսաստանին միանալու հնարավորությամբ»:
Մայիսի սկզբին Դոնի կազակները սկսել էին կամավորների ջոկատներ հավաքագրել Դոնբաս ուղարկելու համար, փոխանցում է lenta.ru-ն:




























