Իսրայելը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ռուսական ռազմական նավին երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն չի տրամադրել: Արգելքը դեռեւս մեկ ամիս առաջ է դրվել, սակայն այդ մասին տեղեկությունները միայն այսօր են տարածվել: Նման որոշման պատճառը երկրի` Ուկրաինայի շուրջ չեզոքության պահպանման քաղաքականությունն է, Haaretz թերթին վկայակոչելով հաղորդում է «Էխո Մոսկվին»:

«Նավի մուտքը թույլատրելով կարող ենք Ամերիկայի հետ մեր հարաբերությունները վնասել: Բացի այդ, մտահոգություններ ունենք, որ նավի վրա կարող են լրտեսներ լինել», - պնդել են Իսրայելում: Թերթի համոզմամբ, ռուսական նավի` Իսրայելի գլխավոր ռազմածովային բազայի տարածք մուտքը ցուցադրող կադրերը կարող էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր Իսրայելն աջակցում է Մոսկվային:

Haaretz-ը չի գրում, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, բայց կենտրոնական ռազմածովային պորտալում հայտնված տեղեկատվությունն է հիշեցնում: Մեկ ամիս առաջ այնտեղ, գլխավոր ծովային շտաբում ունեցած աղբյուրին վկայակոչմամբ, գրառում էր հայտնվել այն մասին, որ ռուսական «Փոխծովակալ Կուլակով» նավը Միջերկրակական ծովով երթի ընթացքում պետք է Հայֆա այցելի: