Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չափազանց կոշտ խաղ է սկսել, որի նպատակը Արեւմտյան Եվրոպայի եւ արեւմտյան քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների գործադրումն է, որպեսզի վերջիններս, գազի դիմաց պարտքը մարելու նպատակով, Ուկրաինային օգնություն տրամադրեն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Ինձ համար դա անընդունելի է, սակայն որոշ երկրներ, որոնք ռուսական գազից կախվածություն ունեն, կարող են տեղի տալ ճնշումներին», - նկատել է Տուսկը: Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե որ երկրներն են հիշյալ ճնշմանը ենթարկվում:

«Մեզ չհաջողվեց, մեկնաբանություններ ստանալու նպատակով, «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ անհապաղ կապ հաստատել, բայց Ռուսաստանը հերքում է գազի` Ուկրաինայի դեմ քաղաքական զենքի տեսքով կիրառման մասին պնդումները, ասելով, թե ցանկանում է պայմանագրով նախատեսված պարտքը պահանջել: Ուկրաինան, իր հերթին, վիճարկում է դա», - նշում է The Wall Street Journal պարբերականի հոդվածագիրը:

Տուսկը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի գոյատեւման հարցը սպառնալիքի տակ է, քանի որ Ռուսաստանը սատարում է դաշնայնացման կողմնակիցներին: Նա ԵՄ-ին կոչ է արել միանշանակ աջակցություն ցուցաբերել Կիեւի կառավարությանը եւ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների հասցեին քննադատությամբ հանդես եկել: Նրանց թվում են Ժան-Կլոդ Յունկերը, ով Ուկրաինայի` ԵՄ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու կարողություններն է կասկածի տակ առել եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Ուկրաինայում ապրող հունգարների համար ինքնավարություն է պահանջել, հաղորդում է Ռոսբալտը: