Հայաստանն ընդգծում է Եվրամիության հետ համագործակցության եւ «Արեւելյան գործընկերության» դերակատարման կարեւորությունը: Այս մասին մայիսի 14-ին Ուկրաինայի շուրջ վերջին գործընթացների եւ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցման մասին որոշման ընդլայնված համատեքստում «Հայաստանը գեոքաղաքական խաչմերուկում. այլընտրանքների ուսումնասիրություն» վերտառությամբ քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, քաղաքական որոշումներն արդեն կայացվել են, սակայն ժամանակը դեռ կարող է տարբեր իրադրությունների հանգեցնել: «Այսօր նաեւ Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երեւան հեռուստակամրջին եմ մասնակցել, որտեղ ընդգծվել է, որ Հայաստանի պարագայում առանձնահատուկ իրադրության հետ գործ ունենք: Այդ ըմբռնումը թե հիմնադրման ճանապարհին գտնվող Եվրասիական միության, եւ թե Եվրամիության շրջանակում է առկա», - նշել է խորհրդարանականը` հավելելով, որ ինչպես քրիստոնեական համայնքի մի մասի, այնպես էլ հայ երիտասարդ սերնդի մոտ հստակ ըմբռնումը կա այն բանի, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակում է Հայաստանի օրակարգային հարցը մնալ:

Վիլնյուսից հետո, պատգամավորի ընդգծմամբ, Ռիգա կլինի, ու դրանից հետո էլ տարբեր ձեւաչափեր կգործեն: «Եվ Հայաստանը բոլոր հնարավորությունները կօգտագործի` մեր երկրի` Եվրամիության հետ խորը եւ բազմակողմանի համագործակցության հաստատման համար», - վստահեցրել է Արտակ Զաքարյանը` միաժամանակ ընդգծելով, որ Եվրասիական ինտեգրացիան տեղավորվում է Հայաստանի կենսական կարեւորության շահերի համատեքստում: «Մենք չենք կարող տարածաշրջանը վտանգի ենթարկել եւ Հայաստանի քաղաքացիների կենսական կարեւորության շահերի հետ հաշվի չնստել: Հաշվի առնելով ԼՂ խնդրի չկարգավորված վիճակը, մենք, բնականաբար, պարտավոր ենք զգուշությամբ վերաբերվել ներկա խաղաղությանը: Այդ նպատակով Հայաստանը օգտագործում եւ օգտագործելու է բոլոր դիվանագիտական ուղիները», - ամփոփել է պատգամավորը: