Եվրամիությունը երբեք Հայաստանին անվտանգության մոդել չի առաջարկել, սակայն չի կարելի չընդունել, որ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոլորտներում մեր միայն դաշնակիցը ԵՄ-ն է: Այս մասին, այօր՝ մայիսի 14-ին, «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. ընտրությունների ուսումնասիրություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ միանշանակ այն մարդկանց թվում է, որոնք համարում են, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները պետք է շարունակվեն եւ խորանան: «Մենք այսօր խնդիր ունենք՝ բացի դեկլարատիվ հայտարարություններից իրատեսական օրակարգ ձեւավորել: Մենք պետք է փորձենք համադրել շահերը, ոչ թե հակադրել»,-ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը ձեռնպահ է մնացել խոսել եվրասիական միասնական տնտեսական տարածքի մասին, քանի որ «եվրասիական ինտեգրման վերջնարդյունքը դեռեւս պարզ չէ»: «Ինձ համար դեռ հարցեր կան՝ կապված եվրասիական ինտեգրման հետ, մասնավորապես, թե ինչ կշահի հայաստանը»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը, միաժամանակ համաձայնելով, որ երկիրն անվտանգության ապահովման խնդիր ունի: