Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 14-ին, ընդունել է  Համաշխարհային բանկի  երեւանյան գրասենյակի ղեկավար  Ժան Միշել Հեփփիին։

Հանդիպման նպատակը  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության»  առաջին ծրագրով  Հայաստանի մարզերում իրականացված  աշխատանքներին անդրադառնալն ու  երկրորդ ծրագրի բանակցային գործընթացին  առնչվող  հարցերի քննարկումն էր։

Պարոն Միշել Հեփփին շնորհավորել է  նախարարին վերանշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ գործունեություն եւ նշել է, որ ուրախ է  առաջիկայում եւս  համատեղ աշխատելու հնարավորության համար:

Նախարար Սերգո Կարապետյանը,  շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դրական է գնահատել առաջին ծրագրի արդյունավետությունը,  նշելով, որ տնտեսված  միջոցների հաշվին հնարավոր է եղել 55-ի  փոխարեն  ծրագիրն իրականացնել հանրապետության 90 համայնքներում, ստեղծելով գյուղատնտեսական  կոոպերատիվներ, որոնց արդյունքում ավելացել են գյուղացիների եկամուտները, բարելավվել գյուղատնտեսական հումքի իրացման պայմանները, ավելացել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

Քննարկման արդյունքում կողմերը կարեւորել են ծրագրի շարունակականությունը եւ երկրորդ փուլի իրականացումը:

Քննարկվել են նաեւ ապահովագրական համակարգի ներդրման, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աշխատանքների եւ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: