Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի աշխարհազորայինները մտադիր են պաշտպանական տակտիկայից հարձակողականի անցնել: Այս մասին հայտարարել է ինքն իրեն անկախ հռչակած քաղաքի ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարյովի մամուլի քարտուղար Ստելա Խորոշեւան, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի Ուկրաինա»-ն:

Բավական է ուկրաինական զինծառայողների հարձակմանը սպասենք: Մենք փոխում ենք տակտիկան», - հայտարարել է նա` տեղեկացնելով, որ շրջափակման մեջ հայտնված քաղաքում այս պահին հանգիստ է:

«Միգուցե պատճառն այն է, որ Կիեւը համաձայն է բանակցությունների: Հույս կա, որ այս պահը կարող է բեկումնային լինել», - նկատել է Խորոշեւան:

Հիշեցնենք` մայիսի 13-ին Կրամատորսկ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի ԶՈւ զորամասերից մեկի ավտոշարասյունը որոգայթի մեջ էր հայտնվել: Ապաստարանում դարանակալած գրոհայինները կրակ էին բացել շարասյան ուղղությամբ, որի արդյունքում յոթ ուկրաինացի զինծառայողներ էին զոհվել, եւս ինը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Երկրից ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ աշխարհազորայինները մեկ զոհ ունեն եւ չորս ծանր վիրավոր: