Անհասկանալի է, թե ինչու են բյուջեից կրկին գումար փոխանցում կուտակային կենսաթոշակային հիմնադրամների համար: Այդ մասին մայիսի 14-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ էության՝ դե ֆակտո պարտադիրը շարունակում է գործել, հավելել է նա:
«Ընդհանուր առմամբ այդ հատկացումների համար նախատեսված է 20.6 մլրդ դրամ(մոտ 50 մլն դոլար՝ խմբ.): Իսկ այդ գումարը մեր հարկատուներինն է: Եթե նրանք չեն ցանկանում մասնակցել համակարգին, ինչո՞ւ է կառավարությունը տնօրինում նրանց գումարը»,- հայտարարել է Մելքումյանը:
Անհասկանալի է նաեւ, արդյոք բավական են այդ միջոցները կուտակային հիմնադրամների համար: «Հայաստանի Կենտրոնական բանկը նշում էր, որ որոշված ճգնաժամային զանգվածից ցածր լինելու դեպքում միջոցները կորցնում են արդյունավետությունը»,- հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ուղղումները ենթադրում են պարտադիր կենսաթոշակային վճարումները հետաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Մինչ այդ կառավարությունը պետք է օրենքը համապատասխանեցնի ՍԴ պահանջներին:




























