Հայաստանի օլիգարխներին թույլ են տվել գումար վճարել եւ իրենց գողացած հարստությունն օրինականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով «Այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրինագիծը:
Օրինագծի ընդունման իմաստն այն է, որ օլիգարխները կամ խոշոր գործարարները իրենց փողերն օրինականացնելու անհրաժեշտություն զգան: Պատճառներն այստեղ երկուսն են. նախ գալիս է բիզնեսն ու փողերը ժառանգաբար փոխանցելու ժամանակը: «Քանի որ հայերը մտահոգվում են իրենց երեխաների մասին, նրանք չեն ուզում, որ իրենց ժառանգորդները խնդիրների առջեւ կանգնեն»,-հայտարարել է Մակարյանը: Երկորդ պատճառը բիզնեսի համար օտարերկրյա ֆինանսավորում ներգրավելն է: Առանց օրինական կապիտալի դա խնդրահարույց է:
«Դրա համար էլ մշակվել է վճարովի հարկային ստուգումների մասին օրինագիծը՝ առանց պատժամիջոցների կիրառման: Պարզ ասած, դու գումար ես վճարում, եւ քո գողացած փողերը դառնում են օրինական: Կապիտալի օրինականացումը տեղի է ունեցել, օրինակ հարեւան Վրաստանում, որտեղ հարկային համաներում է կատարվել: Մեզ մոտ անհրաժեշտ է թափանցիկություն, հասարակությունը պետք է իմանա, թե հարկային ծառայությունն ում մոտ եւ ինչ գումարի սխալներ է գտել հարկային հաշվետվություններում»,-ընդգծել է Մակարյանը:




























