Ուկրաինական իրադարձությունների հետեւանքով Եվրոպան սկսում է հասկանալ, որ նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ կիրառվող չափանիշները ճիշտ չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպան պետք է Ասոցացման նոր համաձայնագիր պատրաստի Հայաստանի հետ, որը կարելի է համատեղել Ռուսաստանի հետ առեւտրային միության հետ:
«Ես ողջունում եմ Օլանդի հայտարարությունը, սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը հրաժարվել է նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաեւ ուկրաինական իրադարձությունները: Այդ ամենը ցույց տվեց, որ անհրաժեշտ է վերանայել մոտեցումները: Եթե մի կողմից ընդունել, որ Ֆրանսիան միշտ դրականորեն է կառուցել իր հարաբերությունները Հայաստանի հետ, եւ հաշվի առնելով, որ Եվրոպան սկսել է այլ առաջնահերթությունները դնել, ապա անհրաժեշտ է սկսել աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանի հետ առեւտրային միությանը համատեղել: Հարկավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որ չի հակասի Մաքսային Միության անդամակցությանը»: Նրա խոսքով, դա այնքան էլ մեծ խնդիր չէ, հարկավոր է ընդամենը այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:




























