Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մայիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ դեսպան Լեյդուլվ Նամտվեդին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդդն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդդը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։




























