Ճապոնական «Power Japan Plus» ընկերությունը Կյուսյու համալսարանի մասնագետների հետ համատեղ ստեղծել է մարտկոց, որն աշխատում է ածխածնային վառելիքային տարրի հիման վրա: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Ryden» մարտկոցը 100 տոկոսով բաղկացած է վերամշակման ենթական նյութերից: Ընդ որում այն լիթիում-իոնային մարտկոցից 20 անգամ ավելի արագ է լիցքավորվում:
Նորույթը նախատեսված է լիցքավորման 3000 ցիկլի համար: «Power Japan Plus»-ը նաեւ նշել է, որ մարտկոցի արտադրությունն ավելի էժան է, սակայն չեն հստակեցրել, թե որքան:
Այժմ ուսումնասիրվում է դրա վաճառքի հարցը: Ակնկալվում է Ճապոնիայի կառավարության աջակցությունը:
Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա Տոկիոյին նվազեցնել կախվածությունը Պեկինից, որի հետ ճապոնական կողմի հարաբերությունները խախտվել են Սենկակու կղզու շուրջ տարածքային վեճի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























