Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, այսօր՝ մայիսի 14-ին, կայացել է մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում եւ «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացումը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ:
Ցուցահանդեսը կգործի մայիսի 14-16-ը Ռուսական արվեստի թանգարանում (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
«Արշիլ Գորկին, ծնվելով եւ դպրոցական կրթությունը ստանալով Վանի հայկական դպրոցում, կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի՝ վերացական արվեստի հիմնադիրներից: Նրա կտավներում աշխարհը տեսավ Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայի անսահման տխրությունը»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը ցավով նշեց, որ այսօր Արշիլ Գորկու մեծ ժառանգությունից միայն մեկ կտավ կա Հայաստանում, որը ցուցադրվում է Ազգային պատկերասրահում:
ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում կա Արշիլ Գորկու անունը կրող դպրոց: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին՝ մեծ վարպետի գործերը հայ հասարակությանը մշտապես խորքային եւ համոզիչ մեկնաբանություններով ներկայացնելու համար:
Արվեստի վաստակավոր գործչի 70-րդ տարեդարձի, միեւնույն ժամանակ Արշիլ Գորկու 110-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Շահեն Խաչատրյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Այնուհետեւ Շահեն Խաչատրյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի՝ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: Ցեղասպանության սարսափների ականատես նկարչի ստեղծագործ հոգին իր անուրանալի դրոշմն է թողել յուրաքանչյուր կտավում:





























