Ռուսաստանի Սամարա քաղաքում 5-րդ դասարանի երկու աշակերտ գնացքի տակ են ընկել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՔԿ տրանսպորտի կառավարման Մերձվոլգյան քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Եվգենի Լիմոնովը:

Սամարայի դպրոցներից մեկի աշակերտները քայլել են երկաթգծի եզրով:

«Նրանք չեն լսել իրենց հետեւից ընթացող գնացքի ձայնը, քանի որ զուգահեռ գծով ընդառաջ մեկ այլ շարժակազմ էր ընթանում»,- նշել է Լիմոնովը:

Մեքենավարը փորձել է կանգնեցնել գնացքը, բազմիցս ազդանշաններ տվել, սակայն կանխել ողբերգությունը չի հաջողվել. տղաները ստացած վնասվածքներից տեղում մահացել են:

Սկսվել են նախաքննական ստուգումներ երեխաների մահվան փաստի առթիվ: Ստուգման արդյունքների հիման վրա գնահատական կտրվի մեքենավարի գործողություններին եւ ընթացակարգային որոշում կընդունվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: