Մերձդնեստրի մոտ 185 հազար բնակիչ ստորագրել է դիմումի ներքո՝ խնդրելով չճանաչված հանրապետությունն ընդգրկել Ռուսաստանի կազմում:

Ինչպես հաղորդել է  Մերձդնեստրի ռուսական համայնքների միության նախագահ Վիորիք Կոխտարեւան, մայիսի 9-ին փաստաթղթերը փոխանցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Վերջին տվյալների համաձայն՝ Մերձդնեստրում բնակվում է 555 հազար մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ստորագրել հասցրել է բնակչության միայն մեկ երրորդ մասը, քանի որ ակցիան նախաձեռնել էր քաղաքացիական հասարակությունը եւ անց է կացվել երկու շաբաթվա ընթացքում: Հաջողվել է այցելել յուրաքանչյուր տուն, որտեղ կա, օրինակ, տարեց մարդ կամ հաշմանդամ»,- նշել է Կոխտարեւան:

Փաստաթղթերի մեծ մասը փոխանցվել է Մոսկվա: Սակայն մոլդավական իշխանություններն առգրավել էին դրանց մի մաս այն բանից հետո, երբ մայիսի 10-ին կառավարական ինքնաթիռի համար փակվել է օդային տարածքն Ուկրաինայում, Ռումինիայում: Այնուհետ ստիպված վայրէջք էր կատարել Քիշնեւում:

Մոլդովայի իշխանությունները հաստատել են առգրավումն ու խոստացել են ստուգել փաստաթղթերի օրինականությունը: