Հայաստանի արեւմտյան գործընկերները ոչ մի կոնկրետ առաջակ չեն արել երկրի անվտանգության ապահովման ոլորտում: Դա Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կարեւորագույն թերությունն է: Այս մասին մայիսի 14-ին Ուկրաինայի շուրջ վերջին գործընթացների եւ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցման մասին որոշման ընդլայնված համատեքստում «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. այլընտրանքների ուսումնասիրություն» վերտառությամբ քննարկումների ընթացքում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ արեւմտյան երկրները պետք է ավելի սկզբունքային մոտեցում ցուցաբերեն Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցերում:
«Սեպտեմբերի 3-ից հետո շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը Մոսկվայի ճնշման տակ հրաժարվեց նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Դա, իմ կարծիքով, բավական ոչ պրոֆեսիոնալ փաստարկ է, քանի որ յուրաքանչյուր դիվանագետ, ով ճանաչում է տարածաշրջանը եւ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, պետք է սպասեր, որ այդ գործընթացների որոշակի մակարդակում Ռուսաստանի կողմից ճնշումն անխուսափելի էր լինելու»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարցը հետեւյալն է. «Ինչպես էին մտադիր մեր արեւմտյան գործընկերները օգնել Հայաստանին՝ հաղթահարել Մոսկվայի ճնշումը»: Պատգամավորի կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որնման ծրագիր իրականում գոյություն չի ունեցել: «Դա որոշակի հարցեր է առաջացնում Հայաստանի արեւմտյան գործընկերների հուսալիության առումով»,-ընդգծել է Փաշինյանը:




























